Հուլիսի 26-ի մի շարք լրատվամիջոցներում եթերից հնչեցրած կաթողիկոսի խոսքը քննողների կամ կաթողիկոսի հրաժարականը պահանջողների հրապարակումներում կամ բամբասանքներում, երբ ամենակարևոր բանը, որ արմատ պիտի լիներ նման քննարկումների ժամանակ, մանավանդ այսօր, ցավոք, չտեսա: Բայց դրանցում բավականին տգիտություն կար` չհասկացած բաների հանդգնության հետ միացած: Հաշվի չէր առնված թե ինչ ժամանակում ենք ապրում:
Ըստ Աստվածաշնչի մարգարեների և Հովհաննեսի Հայտնության գրքի, կուզենայի ամենքիս էլ վերհիշեցնել, որ Նեռի գալուստի նախապատրաստական շրջանի ավելի խորացած ժամանակի մեջ ենք ապրում, երբ առավել ևս բանական մեր ընթացքն է պատշաճ և ո՛չ թե զգայականորեն արձագանքելը մեր շուրջը կատարվող դեպքերին: Եվ ակնհայտ սուտ է, երբ ոմանք, իրենց սահմանափակ մտածողությամբ և կեղծ եկեղեցահարգությամբ իրենք իրենց ավելի են դասում, քան կաթողիկոսը և կամ հոգևորական դասը: Չեմ ասում, թե լրիվ անարդար են թերթերում եղած հարցապնդումները, բայց ամոթալի է նման բաների համար կաթողիկոսից հրաժարական պահանջելը: Եվ չեմ ասում, թե եկեղեցուն, իր բացթողումների, ծուլության և իր կոչման դերից պակաս պտղատու լինելու համար, հարկ չէ հանդիմանել: Որպես օրինակ վերհիշենք Հայտնության գիրքը, երբ Հիսուսը հանդիմանում է եկեղեցիներին. «ՈՒմ սիրում եմ, նրան եմ հանդիմանում» ասելով: Եվ անգամ համոզված եմ, որ կարդացածս մի քանի հրապարակումներում հանդիմանանքները մեր ավանդական եկեղեցին սիրելուց են ծագել, և արտաքինից թվում է` ամենևին թշնամանք չկա դրանցում: Բայց դրանց մեջ կա հակահոգևոր, վտանգավոր, ես կասեի` սատանայական մի համախմբում, թե` կաթողիկոսին նեղն ենք գցել, բութ մատներս ներքև իջեցնենք և վերջը տանք: Թեկուզ և կաթողիկոսը մի մեղավոր մարդ լինի, բայց օծված է որպես կաթողիկոս: Այս օծյալությունը այն թանկությունն ունի, որ երբ օծյալ Սավուղ արքային, որ աստվածահակառակ էր դարձել, դիվապաշտ, ու Դավիթ մարգարեի մահն էր որոնում, երբ իր իսկ ազգակիցներից մեկը նրան սպանեց, Դավիթն էլ սպանողին սպանեց, ասելով թե. «Աստծո օծյալի վրա ձեռք բարձրացրեցիր»: Իսկ Նեռի գալուստի նման ժամանակաշրջանում առավել ևս միաբան պիտի լինել մեր եկեղեցու շուրջ, և ոչ թե կրքեր բորբոքենք, առավել ևս գերխնդիրների հետևից լինելով և ո՛չ թե առաջնային դիտելով մեր արտաքին եկեղեցիների կարգավիճակները, երբ նման հարցերը նախ, ավելի խաղաղ, ծաղկուն ժամանակների խնդիրներ են, ապա և. «Նախ ներքին եկեղեցին է առաջնայինը, քան արտաքինը»: Եվ երբ մենք մեզ մարդ-եկեղեցիներ դիտենք, ըստ Աստծո կամքի մեզ կարգավորելով, և նույնի նման ջանալով կարգավորել ազգը Հայոց, ապա արտաքին եկեղեցիներն էլ կկարգավորենք և ավելի փառավոր, քան կան: Որովհետև իմաստուն մարդու գործն ավելի է օգտակար, քան իր զգայական կարճ սահմաններին միայն հասու, միջին գրագետի, որ որս է դեմոկրատիկ հանդգնությանը: Եթե մեր ներքին մարդը դեռ իմաստնության կատարելությունը չունի կյանքի և կենդանության հարցերում, մենք արտաքնապաշտության հետևից ընկած պիտի լինենք, և մեր դիմադրողականությունը թույլ ու տկար կդառնա, երբ Նեռի ժամանակները կարճ ժամանակ անց հանկարծահաս խստանան, որ ըստ Գրվածքի` լինելու է: Այս ֆոնի վրա արդեն տղայական, զգայական բաներ են և սխալ ինքնաուղղորդումներ, երբ մեր ներքին մարդուն խորագետ քրիստոնյա դարձնելը թողած` ընկնենք կաթողիկոս հալածելու հետևից, թե` Սանահինի տանիքին խոտեր են բուսնել, հրաժարակա՛ն տուր և կամ` մեր այս եկեղեցիները վրացիները յուրացրել են, հրաժարակա՛ն տուր:
Հիշենք Դավիթ մարգարեի խոսքը, թե «Աստծո օծյալի» հալածած պիտի լինենք, որն իր մեջ խիստ էլ պատժապարտություն ունի: Յուրաքանչյուրն իր մտահորիզոնի չափ է արդարության հարցերը տեսնում կամ որոնում, և նման «արդարության» որոնումներն արտաքինից որքան էլ գովելի թվան ու իբր կարևորագույն խնդիր, սակայն Աստծո արդարության առաջ կարող են հակառակ դիտվել և պատժվել: Այո, կաթողիկոսը մեղավոր մարդ է, սակայն հայտնի է, որ Աստծո առաջ որևէ մարդ չկա, որ անմեղ լինի, և ամենքս ենք մեղավոր, իսկ ըստ սուրբ ու մեծանուն մարդկանց, եթե մեկն իրեն մեղավոր չի դիտում, այդ իր ինքնաճանաչողության պակասից է կամ առավել` Ավետարանը որպես կյանքի սահմանադրություն, ցավոք, քիչ ընթերցելուց: Ստացվում է, որ մեղավորները ելել, թև թևի են տալիս, որ մեղավորի՞ն դատեն, որ գուցե Աստծո առաջ ավելի արդար է, քան իրենք բոլորը միասին: Տերը Գրքում ասում է. «Թող նա առաջին քարը նետի, ով արդար է»: Եվ քարկոծելու ելածները հրաժարվեցին քարկոծել, քանի որ իրենց մեղավորությունները վերհիշեցին: Իսկ կաթողիկոսի պարագայում, քարկոծողներն իրենց ներսը չեն նայում, իրենք իրենց չեն քննում, այլ շարունակում են քարկոծել ու կպչում նաև իրենց նպատակին: Եվ որքան էլ այդ մեղադրանքները արդարացի երևան, և անգամ ճիշտ լինեն, միևնույն է, ծայրահեղ զգայականորեն են լցված, քանի որ հաշվի չի առնվում ո՛չ քարկոծողների` իրենց ևս մեղավոր մարդ լինելու խոստովանությունը, ո՛չ էլ Նեռի գալուստը, երբ այդ գալուստին ընդդեմ հարկ է մեր ներքին մարդուն նորմալ, աստվածահաճո մարդ դարձնենք` Աստծո Ավետարանի կենդանի հանդիմանություններով: Ամենքս էլ: Նարեկի ըմբռնումները տեսնենք մեր ապրելակերպում: Իսկ հրապարակումներում բոլորն էլ իրենք իրենց գրեթե արդար են դիտում, երբ անարդարությունների համար ամենքս էլ մեղքի բաժին ունենք: Սակայն եթե մեր մեղքերը ճանաչելով ու ապաշխարելով ապրենք, Աստված կաթողիկոսին էլ կմշակի, ավելի լավը դարձնելով, առավել մեծ գործերի զորություններ կտա: Իսկ եթե այդպես չապրենք, մենք մեզ արդեն կատարյալ արդարներ դիտելով, կամ` գրեթե արդարներ, չորրորդական հարց ու խնդիրները առաջնային աղմուկի պահանջներ ներկայացնելով, անհեռատես, առավել տղայական, քան իմաստուն վարված կլինենք:
Նժդեհն ասում էր. «Աստված և հայրենիք»` իր պաշտելի հայրենիքը երկրորդ տեսնելով, որովհետև առանց Աստծո ի՞նչ հայրենիք կարող է լինել, անկենդան մի բան: Նույնն էլ, եթե ըստ Աստծո պատվիրանների, խոստովանությամբ և ապաշխարությամբ չապրենք, ինչպե՞ս պիտի եկեղեցին բարգավաճի, և կամ կաթողիկոսը ավելի իմաստուն, ավելի անխոնջ կամ ավելի նվիրյալ դառնա: Կաթողիկոսը ևս մարդ է, հանդիմանենք, եթե հավասար կամ ավելին ենք նրանից մեր մտածողությամբ կամ Աստծոն մեր նվիրվածությամբ: Եթե...
Հանդիմանենք, բայց ո՛չ չարամտությամբ, բայց ո՛չ երկրորդական խնդիրներն առաջնային դիտելով, բայց ո՛չ անհեռատեսորեն, բայց ո՛չ լկտիորեն: Բայց եթե դեռ ինքներս մեզ չենք դաստիարակում, որպես հոգևոր անհատներ, մեր հանդիմանանքներով ջուր լցրած պիտի լինենք Նեռի ջրաղացին: Օրինակ, ինչի՞ նման էր, երբ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի շուրջ կրքեր բորբոքվեցին, երբ եկեղեցին տարածքն ուզեց վերցնել, քանի որ տեղում, ապուպապով, դարեդար եկեղեցի էր եղել, և կամենում էր վերաշինել: Որոշ մտավորականներ խառնվեցին իրար ու սկսեցին հանդիմանել... կաթողիկոսին: Բողոքեցին, թե` այդքան եկեղեցի իրար մոտիկ, ի՞նչ իմաստ ունի: Բայց, եթե հիշենք առաքելական խոսքը, թե. «ՈՒր մեղքը շատացավ, շնորհն այնտեղ զորացավ», ապա հիշենք, որ Նեռի գալուստին նախորդում է պղծությունը, որ մեր աչքերով իսկ տեսնում ենք, և քաղաքը լցվել ու լցվում է գիշերային ակումբներով ու խաղատներով, որ նույն պղծությունների բարեկամներն են, ապա և քաղաքի կենտրոնում եկեղեցիների առատությունը ըստ շնորհի է և ո՛չ ըստ հաշվարկի: Իսկ այդ նպատակի համար եկեղեցին ավելին է, քան ամառային դահլիճը: Դահլիճդ էլ տար ուրիշ տեղ կառուցիր, եթե այդքան կարևոր ես դիտում, իսկ եթե հարցը մակերեսորեն է ըմբռնվում, ապա խնդիրն իրավունքինը չէ՞: Իսկ ըստ իրավունքի, տարածքը դարեդար եկեղեցունն է եղել: Այսինքն, թե՛ ըստ երկնային շնորհի, թե՛ ըստ իրավունքների` եկեղեցունը եկեղեցունն էր, սակայն եկեղեցունը վերցրին և «հանգստացան»: «Մի ճրագ թույլ չտվեցինք, որ վառվեր»` ասել-գոռոզանալով: Քաղաքաշինություն խաղացինք, երբ հարկ էր նախանձախնդիր լինել նախ այն ամենին, որ Աստծունն է: Եվ նույն մտավորականները գիշերային աճող ակումբների դեմ այնպես չպատերազմեցին, որքան ամառային դահլիճի տեղում եկեղեցի չկառուցելու համար ջանք արեցին ու հաղթանակ տարան: Իմ համոզմամբ` անիմաստուն և անգամ նվաստացնող, կամ գոռոզ հաղթանակ էր, անհարիր` մյուռոնով օծում ունեցող մարդկանց: Նման այն բանին, երբ հորդ գետը փոխում են բարակ առվի հետ ու պարծենում, թե` շահեցինք, Բարաբբային ազատեցինք և Հիսուսին մատնեցինք, որ խաչվի: Արդյոք այսօր լենինյան կոմերիտմիությունը հիշեցնող մի ուժ չի՞ առաջացել` եկեղեցու անունով և ընդդեմ եկեղեցու: Սա՛ղր, աչքերի հաճելին դիտել որոնող` թերագետների համախմբությամբ:
Իսկ մեր խնդիրները լուծելու համար, եթե իրավացիորեն կամենում ենք հոգևոր Հայաստան ունենալ, առավել պայծառ մեր ավանդական եկեղեցիներով, ապա հարկ է ամենքիս միաբանվել Քրիստոսի՛ Ավետարանի շուրջ և ո՛չ թե դեմոկրատիայի կեղծավորեցնող դիվականության, և հարկ է մեզ ապաշխարությամբ և աղոթքներով մոտենալ այս լուրջ խնդիրներին: Ինչպես նախնի վայելուչ մեծերն էլ ասում էին` խոնարհվենք Աստծո առաջ և Աստված կխոնարհեցնի բոլոր նրանց, ովքեր հակառակում են կամ կրճատում Աստծո կամեցած բարերարության առատությունը մեր ժողովրդին և կամ կյանքով ու գործով Աստծուն ծառայողներիս` հոգևոր մեր մշակության մեջ: Հակառակ դեպքում մի նոր աղանդ կառաջանա, որ կանվանվի «քաղաքական աղանդ` ընդդեմ եկեղեցու» կամ «քաղաքական աղանդ` ընդդեմ կաթողիկոսի», կամ «քաղաքական աղանդ` կեղծ եկեղեցապաշտների», երբ Եկեղեցին հավաքման վայր է, ուր միայն Աստված պիտի պաշտվի և ո՛չ թե եկեղեցին: Իսկ այս մթագնա շարժումների մեջ` եկեղեցին է դիտվում պաշտամունք` Աստծո փոխարեն: Բաներ, որոնք մեծ հրճվանք կպատճառեն մեր պառակտումները որոնող դրսի դեմոկրատիկ կեղծավորությամբ իրենք իրենց հիպնոսած և մեզ նույն մոլությանը գայթակղող բոբո «քեռիներին»` Նեռի գործակատարներին:
Մի վերջին հավելում ևս, որ գուցե այս կաթողիկոսի մասին է կամ գուցե նրա հաջորդի, բայց մեր ժամանակների մասին է` Սուրբ Սահակ Պարթևի նախազգուշացնող տեսիլքը (Ղազար Փարպեցի), ուր վկայվում է, թե Նեռի գործակատարները սպանելու են Հայոց կաթողիկոսին: Արդյոք այս քաղաքական ձնագնդիները գլորվելով և իրենք իրենց մեջ տգիտությամբ հաստանալով և ուռճանալով` դեպի այդ կողմը չե՞ն շարժվում: Սակայն այդ նույն բանն է ակնհայտորեն լինում: Եվ մեր օրերում այս տեսիլքի զգուշացումը հարկ է հաճախակի ներկայացնել, որպեսզի Ավետարանի հիմնարար գաղափարախոսությունից մոլորեցվածներից որքան հնարավոր է շատերը հետ կանգնեն և սպանության մասնակից չդառնան` այդպես անեծք ժառանգելով: Տեսիլքում խոսվում է նաև, որ այդ կաթողիկոսի անունը կիսատողով էր գրված, այսինքն, երբ մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը եղած կաթողիկոսների անունների ցանկում, շատ անուններ ջնջված էին, այդ ֆոնի վրա` կիսատողով անունն ունենալը հավիտենության մեջ ևս կարևորվող, պատշաճվող արժեք է, ինչպես ասենք` մրցամարտի մեջ երկրորդ կամ երրորդ տեղը շահելը ավելի պատվական է, քան... ոչինչ չշահելը: Մեջբերենք: «Արդարության վրա գոռոզացած թշնամու ժամանակում արդար քահանայապետ է նստելու սուրբ Գրիգորի տոհմից, քահանայացած առաջինը մեռնելու է՝ կրելով բազում չարչարանքներ կորստյան իշխանի սուտ առաքյալներից վախճանվելու է խաղաղությամբ, ոչ թե սրով։ Եվ նրա մյուս զավակը, հաջորդելով քահանայապետության աթոռին երկար ժամանակ դիմանալով տանջահարությունների ու հարվածների, սովի, հալածանքների ու դառն նեղության, անօրեն իշխանի դահիճների սրով է ընդունելու մարտիրոսական մահը»: «Մյուս որդին», օրավուր ավելի ենք համոզվում, որ Գարեգին Երկրորդին նկատի ունի: Այլ բան անկարելի էլ է մտածել, տեսնելով դեմոկրատիկ կեղծավորության հանդգնությունները, ո՛չ թե Ավետարանի, այլ տգիտության շուրջ: Ի վերջո, որերորդ կաթողիկոսի հետ էլ լինի այս մարգարեությունը, նույնը չէ՞ միթե, քանի որ հուշում է մեզ, թե լավագույնը մեր ապաշխարություններով ապրելն է, ո՛չ թե դեմոկրատիկ, կեղծավորության ոգիներով վարակվելը: Եվ եթե այսօր ոմանք, որ քրիստոնեական ճանապարհը չընտրեցին` ապաշխարությամբ խոնարհվել այս կամ այն հարցի լուծման համար, կամ միայն քրիստոնյա կերպարանվելն ընտրեցին, թող զգույշ լինեն, որ կամա-ակամա Նեռի գործակատար չդառնան ու նզովքի մասնակից:
«Ծառ ես բարձրուղեշ, ստվար ճյուղերով ու տերևալից,
սակայն պտղազուրկ,
նմանակիցը բարիք չունեցող այն թզենուն, որ
Տիրոջ անեծքից իսպա՛ռ չորացավ:
Թեպետ, ճշմարիտ, քո սաղարթների փարթամ վարսերով,
արտաքին տեսքով կե՛րպ ես բարեշուք,
իբրև զարդարված շքեղ պսակով,
հեռվից դիտողի համար բաղձալի,
սակայն Տնկողը, եթե մոտենա պտուղ փնտրելու,
Նա կտեսնի քեզ, որ դատա՛րկ ես դու,
և գարշելի՛ ես քո գեղեցկությամբ,
իսկ տեսնողների համար` ծաղրատեղ,
նախատողների նշավակներն էլ` վրա՛դ են իջնում:
Քանի որ, եթե` փարթամ ճյուղերով տունկը պարծենա,
բայց անպտղությամբ մնա անկենդան,
երբ նույն պատճառով` անեծքի սաստով իսպառ չորացավ,
նա պիտ հիշեցնի Տիրոջ գալուստի չսպասված ժամում
անպատրաստ բոլոր մեղավորներին,-
Կամ, ով երկիրն է վարում ու ցանում, ողողում ցողով,
որպեսզի բազում արդյունք ստանա,
բայց երբ ջանքերը չեն վարձատրվում, հողը մնում է կրկին անբերրի,
նման հողն այդժամ լքվում է, դառնում` արդեն մոռացված,-
Իսկ դու էլ ահա` ա՛նձն իմ եղկելի,
որ սահմանված ես բանավոր լինել և տունկ կենդանի,
և քեզ պարգևված ժամանակի մեջ չե՛ս տալիս պտուղ,
նախկին առակի պատիժը մի՞թե պիտի չկրես:
Որովհետև դու առաջին մարդուց մինչև ավարտը նոր ծնունդների
քե՛զ ներառեցիր, այն էլ` անպակաս առավելությամբ`
նանրության բերքի անբարի գործեր ու գյուտեր նորոգ,
որոնք ատելի և անախորժ են Արարիչ Աստծուդ` քե՛զ հաստատողին» (Նարեկ, Բան Թ):
Նարեկ կարդանք, որ շատերիս համար դեղ կլինի հպարտությունից, կեղծավորություններից և գոռոզությունից բժշկվելու:
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ